Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գրական հերոսին նվիրված առաջին հայերեն կայքը

Գրական հերոսին նվիրված առաջին հայերեն կայքը
22.07.2017 | 22:18

Օրեր առաջ բացվել է Շերլոք Հոլմսի մասին առաջին և միակ հայերեն կայքը՝ holmes.am, որտեղ ցանկացած մարդ կարող է անվճար և առանց գրանցվելու ընթերցել հայերեն թարգմանությամբ ավելի քան 34 պատմվածք, 3 վիպակ և 14 գիրք Շերլոք Հոլմսի մասին, իսկ նրանցից շատերը՝ ոչ միայն կարդալ, այլև լսել: Այն իր տեսակի մեջ միակ հայերեն կայքն է՝ նվիրված որևէ գրական հերոսի, և առաջինն է՝ դետեկտիվ գրականության վերաբերյալ:

«Իրատեսի» զրուցակիցը holmes.am կայքի հիմնադիր ՀԱՅԿ ԱՓՐԻԿՅԱՆՆ է։

-Ինչո՞ւ Շերլոք Հոլմս... Ինչո՞վ է պայմանավորված Շերլոք Հոլմսին նվիրված հարթակի ստեղծումը:

-Շերլոք Հոլմսի մասին հայերեն կայք ստեղծելու գաղափարն իմ մեջ ծնվեց այն ժամանակ, երբ միմյանց հետևից մեծ հետաքրքրությամբ կարդալով երեք հայերեն ժողովածու հանրահայտ խուզարկուի մասին և ցանկանալով ընթերցել մյուս արկածները ևս՝ պարզեցի, որ մնացած ավելի քան երկու տասնյակ ստեղծագործությունները գրեթե անհասանելի են հայ ընթերցողին: Պատճառները երկուսն էին. ստեղծագործությունների մի մասը երբևէ հայերեն չէր թարգմանվել, իսկ մի մասն էլ թարգմանվել էր, սակայն նախորդ դարասկզբին, և գրեթե ոչ ոքի հայտնի չէր այդ գրքերի մասին: Բացի այդ, հին հրատարակություններն ամբողջ Հայաստանում կարելի էր գտնել միայն Հայաստանի ազգային գրադարանում, այն էլ՝ միայն չափահասների համար և դասական ուղղագրությամբ: Այդ ժամանակ էլ առաջացավ մի այնպիսի կայք ստեղծելու գաղափարը, որտեղ Շերլոք Հոլմսի և առհասարակ դետեկտիվ գրականության յուրաքանչյուր հայ սիրահար կկարողանա անվճար և առանց դժվարությունների ընթերցել Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործությունները Շերլոք Հոլմսի մասին: Եվ քանի որ այդ ժամանակ՝ 2015 թվականի հուլիսին, ես արդեն թարգմանել ու տպագրել էի Շերլոք Հոլմսի մասին «Ինժեների բթամատը» պատմվածքը, այսինքն՝ արդեն ունեի նրա էլեկտրոնային տարբերակը, որոշեցի դրա օրինակով թվայնացնել և ընթերցողներին ներկայացնել նաև մյուս բոլոր գրքերը Շերլոք Հոլմսի մասին: Այդպես սկսեցի և մոտ մեկուկես տարում Ազգային գրադարանի և Նոր Ջուղայի Ս. Ներսես Շնորհալի գրադարանի պահոցներից թվայնացրի ևս 13 գիրք Շերլոք Հոլմսի մասին՝ 47 ստեղծագործություն կամ 1744 էջ:

-Ինչո՞վ է գրավում Արթուր Կոնան Դոյլի հանրահայտ հերոսը:

-Առաջին անգամ Շերլոք Հոլմսի մասին կարդացել եմ մոտ երեք տարի առաջ և այդ պահից սկսած՝ մեկը մյուսի հետևից մեծ հետաքրքրությամբ ընթերցել եմ գրեթե բոլոր ստեղծագործությունները: Շերլոք Հոլմսի մասին և առհասարակ դետեկտիվ ժանրի ստեղծագործություններում ընթերցողին գրավում են դեդուկցիայի միջոցով կատարվող դատողությունները, դեպքերի արագ ու առեղծվածային զարգացումը, հետապնդումները, հետաքննությունները և հանցագործության բացահայտումը: Մասնավորապես՝ Շերլոք Հոլմսի մասին գրեթե բոլոր ստեղծագործություններում ընթերցողին կարող է գրավել խուզարկուի հանճարեղ միտքը, դեդուկտիվ եզրակացությունների ճշտությունը և մտածելու այլընտրանքային ձևը:

-Առաջիկայում ի՞նչ նորություններ, թարմացումներ կլինեն կայքում: Հնարավո՞ր է` նույն կերպ հետագայում ներկայացնեք նաև այլ գրական հերոսների:

-Ապագայում նախատեսվող խնդիրներից են Շերլոք Հոլմսի մասին նոր ստեղծագործությունների թարգմանությունը և հրատարակումը: Միգուցե և հետագայում կայքում թարգմանվեն և տեղադրվեն Շերլոք Հոլմսի մասին ֆիլմեր և սերիալներ: Միշտ պատրաստ եմ համագործակցելու նոր առաջարկներ ու գաղափարներ ունեցող յուրաքանչյուր մարդու հետ:
Եթե այնպես պատահի, որ holmes.am կայքը արժանանա ընթերցողի հավանությանը, և լինի համապատասխան պահանջարկ (ինչպես նաև՝ ժամանակի առկայության դեպքում), հնարավոր է հետագայում նույն ձևաչափի այլ կայք(եր)ի ստեղծում՝ նվիրված դետեկտիվ գրականության տարբեր հայտնի ու անհայտ հերոսների: Անշուշտ, պետք չէ պարփակվել միայն դետեկտիվ ժանրի շրջանակներում, սակայն առայժմ այլ թեմաների վերաբերյալ հեռանկարներ չկան:

Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 6271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ